Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Տոնն առատ սեղանները չէ

Տոնն առատ սեղանները չէ
22.09.2015 | 22:33

«Մերն է հավատը, որ հակասություններով ու վտանգներով լի աշխարհում, որ խելահեղ ու արագընթաց մեր օրերում հայի հարատևության միակ իրական երաշխիքը հայոց ինքնիշխան, անկախ պետականությունն է։ Մերն է համոզմունքը, որ իշխանության միակ աղբյուրը ժողովուրդն է։ Մերն է վստահությունը, որ արտաքին ու ներքին մարտահրավերներին արձագանքելու կարող միակ ուժը ժողովրդի միասնականությունն է բախտորոշ պահերին ու կարևորագույն խնդիրներում։ Սեպտեմբերի 21-ը մեր հավատի, մեր համոզմունքների ու մեր վստահության խորհրդանիշն է»,- երեկ Անկախության տոնի առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ հայտարարեց Սերժ Սարգսյանը: Տոնական ընդունելությանը հրավիրված էին արվեստի վարպետներ, քաղաքական գործիչներ, մտավորականներ, սպորտի, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Նախագահի հրավերն ընդունել էին նաև ընդդիմադիրները: Ներկա էր ԲՀԿ-ն` իր ղեկավարով, ՕԵԿ-ական պատգամավորներ, նոր-նոր «Ժառանգությունը» լքած Ռուբեն Հակոբյանը, հավանաբար շուտով այդ «ճանապարհով» գնացող Թևան Պողոսյանը, «Լուսավոր Հայաստան» երազող Էդմոն Մարուքյանը: Արտախորհրդարանական ընդդիմադիրները ևս այնտեղ էին:
Սերժ Սարգսյանը եկավ-խոսեց, հետո նրա շուրջը գոյացավ մի մեծ հերթ, բոլորն ուզում էին բաժակ «չխկացնել» անձամբ նախագահի ու իշխանության մյուս ներկայացուցիչների հետ, ովքեր հերթով, շարքով - կարգով ու կանանցով կանգնած էին: Ի դեպ, մյուս տարիների համեմատ այս անգամ բավականին քիչ մարդիկ էին որոշել անկախության տոնը նշել իշխանության ներկայացուցիչների հետ: Ի միջի այլոց, մի դիտարկում. նախ տոն պետք է մարդկանց հոգիներում լինի և ոչ թե առերևույթ, ձևական կողմն ապահովելով: Նախագահականի փողերը հաշվելու ոչ մի ակնկալիք չունենալով, պետք է փաստել, որ այն առատ սեղանները, որ մշտապես «բացվում» են նման առիթներով, բավականին թանկ է նստում պետբյուջեի վրա, կարիք չկա նման շռայլություններ անելու, հատկապես երբ սեղանների պարունակության գերակշիռ մասը մնում է «անփոփոխ»: Այսպես ասած, «մինիմալիստական» ոճով ևս կարելի է մարդկանց իրական տոն, ուրախություն պարգևել: Տոնը, ամեն դեպքում, միջոցառումների ժամանակ առատ սեղաններով չի պայմանավորված (գոնե մնացած սնունդը «փոխանցեն» մանկատներին կամ ծերանոցներին):
Այսուհանդերձ, քսանչորսամյա անկախությունը, «թևի» տակ ունենալով բազում խնդիրների տրցակը, երերուն քայլերով առաջ է գնում` հուսալով կայունություն, խաղաղություն և հարատևություն:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 876

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ